Թուրք առաջադեմ մտավորականությունը հանդես է եկել երկրի ղեկավարությանը քննադատող հոդվածներով, որոնք ֆրանսիական երգիծական «Շառլի Հեբդո» հանդեսում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո արգելել են այդ ծաղրանկարների վերատապումը Թուրքիայում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքակ ան T24 լրատվական կայքը, մասնավորապես, ազգայնական շրջանակների կողմից հարձակման ենթարկված թուրքական «Ջումհուրիեթ» թերթի լրագրող Օզգյուր Մումջուն այդ առնչությամբ հրապարակած հոդվածում Թուրքիայի ղեկավարությանն ի ցույց է դրել իրական մարգարեին:

 

«Ո՞րն է իսլամի մարգարեն' կոտորածից բավարարվա՞ծը, թե' դրա համար ցավացողն ու ներողը», - հոդվածում թուրքական իշխանություններից հարցնում է Մումջուն: Թուրք լրագրողը գոհունակությամբ նշում է, որ «Մուհամեդ մարգարեի վրեժը լուծվեց» կարգախոսի ներքո 12 մարդու կյանք խլած կոտորածից հետո «Շառլի Էբդո» հանդեսը «չի ընկել ատելության թակարդը»:

 

«Ո՞րն է ձեր իրական մարգարեն' «Կալաշնիկով» ինքնաձիգով երիգիծական հանդեսի վրա հարձակումից եւ մարդկանց վախկոտաբար սպանությունից բավարաված մարգարե՞ն, թե' այդ կոտորածի համար արտասվող եւ ամեն ինչ ներող մարգարեն»,- հարցնում է նա:

 

Նշելով, որ, մարդասպանի ինքնությանն ու գաղափարին նայելով' կրոնն ու նրա հետեւոդները չեն կարող դատապարտվել, Մումջուն ասել է. «Ահաբեկչությունը կրոն չունի: Բայց այս նախադասությունը թերի է: Արտահայտվելու ազատությունը եւս կրոն չունի»:

 

«Շառլի Էբդոյի» ահաբեկչությունից հետո Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էին, որ Թուրքիայում արգելվում է հրատարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, եւ որ նման քայլի դիմողները խստորեն կպատժվեն: Դրանից հետո հարյուրավոր թուրք ծայրահեղականներ հարձակվել էին «Ջումհուրիեթ» թերթի խմբագրատան վրա, ջարդել շենքի պատուհաններն ու խմբագրատան աշխատակիցների ավտոմեքենաները:

 

Ուշագրավ է, որ այդ գործողություններից հետո թուրք աստվածաբան, պրոֆեսոր Շաբան Ալի Դուզգյունը HaberTurk հեռուստաալիքով, ծաղրանկարներին նվիրված բանավեճում հայտարարել է, որ իսլամական աշխարհում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակվել են նախկինում եւս: «Իմ համակարգչում Մուհամեդ մարգարեին նվիրված բազմաթիվ ծաղրանկարներ եւ պատկերներ կան», -ասել է նա: