Գյումրիում հունվարի 15-ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանությունը առավելագույն հանդուրժողականություն է ցուցաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Նրա խոսքով' ոստիկանությունն ըմբռնումով է մոտեցել այն փաստին, որ կրքերը բորբոքված են եղել, և ձգտել է իր գործողություններն ուղղել անկարգությունների կազմակերպիչների դեմ:
«Ոստիկանները ավելի քան 40 րոպե քարկոծման տակ էին, սակայն ոստիկանությունը բացարձակապես ոչ մի գործողություն չի կատարել… Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում սովորաբար տուժում են անմեղ, միամիտ մարդիկ. մենք խնդիր ունեինք ցույց տալու իրական պատկերը։ Հունվարի 15-ին առավելագույն հանդուրժողականություն ենք ցուցաբերել»,- ընդգծեց նա։
Ազատության հրապարակի դեպքերին անդրառադառնալովˋոստիկանապետը վերահաստատեց, որ ոստիկանությունն այդ օրը ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։ «Մենք ճիշտ գործողություն ենք կատարել: Ես եմ հրահանգ տվել, որ բոլորին բերման ենթարկեն։ Դրանով մենք կանխեցինք հանցագործություն»,-պարզաբանեց Գասպարյանը: