Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի օր հայտարարելու եւ այդ արարողությանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւս հրավիրելու Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլն արժանացել է սոցիալական ցանցերի օգտատերերի, հատկապես թուրքաբնակ հայերի խիստ հակազդեցությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս»-ը, թուրքական պաշտոնական շրջանակների կողմից «քաղաքական ռազմավարություն» գնահատված այդ նախաձեռնությունն արժանացել է թուրքական առաջադեմ հանրության, այդ թվում' նաեւ հայերի քննադատությանը:
«Ակոս»-ը զրուցել է մի խումբ թուրքաբնակ հայերի հետ, ովքեր Էրդողանի այդ քայլը «անդաստիարակի, կեղծավոր արարք» են գնահատել:
Թերթին հետ զրույցում Միսակ Հերգելն ասել է, որ առաջինը ՀՀ Նախագահն է հրավիրել Էրդողանին մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը, եւ Էրդողանը պետք է գնա Հայաստան:
Գայուշ Չալըքման Գավրիլոֆն Էրդողանի այդ հրավերը «անդաստիարակի, խարդախ եւ կեղծավոր» քայլ է անվանել, որը, նրա խոսքով, ուղղված է այն բանին, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրը աշխարհի պետությունների ուշադրությունը շեղի Հայաստանից եւ ուղղի Թուրքիային:
Նշելով, որ կարեւոր է հիշատակել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածներին, Կարո Պալյանը Էրդողանին հիշեցրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում ձերբակալվեցին եւ սպանվեցին 200 հայ մտավորականներ, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Ինչպե՞ս կարող ենք անկեղծ համարել հայերի ժառանգներին արած ցավակցությունը մի նախագահի կողմից, ով անտեսում է այն ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերին հասցված աղետը», -ասել է նա:
Գալիպոլիի ճակատամարտը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին' 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտայի երկրների նավերին մտնել Դարդանելի նեղուց: Այդ իրադարձությունները թուրքերը Չանաքքալե են անվանում: Այդ օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն, այն երբեք չի նշվել ապրիլին:
ՀՀ Նախագահը մերժել է Էրդողանի հրավերը' այլ հիմնավոր պատճառների շարքում նշելով, որ նախ պետք է պատասխանել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու Թուրքիայի նախագահին արված իր հրավերին: