ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ որոշակի դադար է եղել միջկառավարական հանձնաժողովի անցկացման և երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքի մեջ, որը ղեկավարում են երկու նախագահները։ Էրդողանն ասել է, որ պատրաստ է այս բոլոր միջոցառումները կազմակերպել Թուրքիայում, հավելել է նա։
Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այս հրավերը, ասել է Պեսկովը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով' Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից հետո։
«Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն անհնար է ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով։ Մինչ այդ այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Հուսով եմ, որ ռուսական և ուկրաինական կողմերի հետ բանակցությունները կնպաստեն լարվածության թուլացմանը»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։