Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունները շարունակում են զարմացնել: Հայտնի է դարձել, որ Էրդողանը, ի թիվս այլ երկրների ղեկավարներին ուղարկած հրավերների, ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին' տոնելու Գալիպոլիի (ՉանաքքալÕ ¥) հաղթանակի 100-րդ տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Գալիպոլիի հաղթանակին նվիրված միջոցառումներին Թուրքիան պատրաստվում է հյուրընկալելու 102 երկրի ղեկավարի, որոնց արդեն ուղարկվել են հրավերները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանել Թուրքիայից ուղարկված հրավերի հարցը' հիշեցնելով միայն, որ նույն օրը Հայաստանի նախագահն այլ միջոցառման կապակցությամբ արդեն հրավեր ուղարկել է Թուրքիայի նախագահին:
Թուրքիայի կառավարության ներկայացուցիչներից մեկը' անդրադառնալով Հայաստան ուղղված հրավերին, նշել է. «Գալիպոլիի ճակատամարտում կռվել են նաև հայեր, այդ պատճառով հրավիրվել է նաև Սերժ Սարգսյանը»: Թերևս, թուրքական պաշտոնյաները նախընտրել են մոռանալ այն, որ նույն այդ հայ զինվորների ընտանիքները պատերազմական մյուս ճակատում ենթարկվում էին ցեղասպանության:
Հետաքրքիր է, որ թուրքական լրատվականները բացահայտ նշում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայում Գալիպոլիի հաղթանակի տարելիցի տոնումը պատահական չէ, հատուկ մտածված քայլ է:
Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին' 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի նեղուց (նեղուցի թուրքական անվանումը Չանաքքալե է): Այս օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին: