ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: Նախագահն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

 

Նա տեղեկացրել է նաև, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարների 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան' հայերի հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց:

 

Սերժ Սարգսյանի խոսքով' պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: «Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար' Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել' ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ»,- ընդգծել է ՀՀ նախագահը' միաժամանակ նշելով, որ այս ամենով հանդերձ, հայերը թշնամանք չեն տածում թուրք ժողովրդի հանդեպ: