Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:

 

Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների և կրթական քաղաքականության իրականացման թեմաները:

 

Համաժողովին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը:

 

Արմեն Աշոտյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ: