Անցնող տարին նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ափոփելով 2014 թվականին իրականացված ծրագրերը, նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Եթե փորձենք թվարկել տարվա խոշոր ձեռքբերումները, կշեշտեի հետևյալ ծրագրերը, որոնք համարում եմ առհասարակ կրթության համակարգի համար կարևորագույն և որոշիչ ծրագրեր: Նախ և առաջ այս տարի մեզ հաջողվեց կտրուկ շրջադարջ կատարել բարձրագույն կրթության ոլորտում՝ կրթության մատչելիության հետ կապված: Ուսանողների սոցիալական աջակցության նոր' աննախադեպ փաթեթ մշակվեց: Նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունների 7 տոկոսն ուղղել ուսանողական զեղչերին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ շուրջ 2000 երիտասարդ հնարավորություն ստացավ օգտվել նոր սոցիալական ծրագրից: «Խոշոր քայլ է նաև նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրը, որի շրջանակներում 10 բուհ ստացավ 3,7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Ծրագրի ամփոփման համար դեռ ժամանակ կունենանք, բայց այն կշարունակվի 2015 թվականից հետո: Կարևոր ձեռքբերում է կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը»,-հավելեց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ կարևոր է նաև հանրակրթության մասին օրենքի նոր խմբագրության ընդունումը: «Նոր օրենք, որը շատ հավակնոտ էր և իր մեջ պարփակել է միջազգային լավագույն փորձը»,-ընդգծեց նախարարը: