ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անցնող տարին կոչում է սոցիալական երկխոսության տարի, քանի որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն իրենց կողմից վերածվել են որոշումների և օրենքների: Այս մասին նախարարը հայտնեց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «2014 թվականին ուշադրության կենտրոնում են եղել ռազմավարական և մարտավարական խնդիրները, բայց որպես գերակա ուղղություններ կարևորվել են նոր համակարգերի ստեղծման ու առկա համակարգերի կատարելագործմանն ուղղված աշխատանքները»,- ասաց նախարարը:

 

Նախարարը նշեց ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերումները, որոնք պետք է շարունակություն ունենան նաև հաջորդ տարում: «Տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը և որպես շոշափելի արդյունք' հունիսից զգալիորեն բարձրացվել են պետական համակարգի շուրջ 200 հազար աշխատավարձերը, մինջինը 40 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արտեմ Ասատրյանը:

 

Մյուս ձեռքբերումը, Արտեմ Ասատրյանի բնորոշմամբ, զբաղվածության նոր մոդելի ներդրումն էր, որը խթանեց զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել շուրջ 10 հազար աշխատանք փնտրող, ովքեր աշխատաշուկայում նախկինում անմրցունակ էին:

 

Նախարարը որոլտում կարևոր և հասցեական քայլերից մեկը համարեց ժամանակավոր անաշխատունակության խնդիրների կանոնակարգման ուղղությամբ առաջարկված օրինագիծը, որով 30 հազար չաշխատող մայր ևս կստանա մայրության նպաստ' 130 հազար դրամի չափով: