ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 30-րդ հոբելյանական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիստի օրակարգում նախատեսված՝ ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալ-աշխատանքային ոլորտի իրավիճակի և այդ ոլորտում ձեռնարկվող միջոցների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետություններում ընտանեկան և ժողովրդագրական քաղաքականության միջոցների իրականացման, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցերի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթներով:
Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է վերը նշված ուղղություններով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում կարևորել ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Խորհրդակցական խորհրդի շրջանակներում նախատեսվող հետագա անելիքները, միջոցառումները և համագործակցության ուղղությունները: