Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հասարակության մեծ մասն ամբողջական պատկերացում չունի: Կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակն անձի կենսաթոշակային ապահովության խնդիրը լուծելն է: Այդ մասին մարտի 31-ին ՍԴ-ում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ պատասխանելով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարցին, թե արդյոք հաշվի են առնվել համակարգի ներդրման սոցիալական ռիսկերը: «Անորոշությունների մեջ, չեմ կարծում, որ անձը կարող է որևէ բանին կողմ լինել»,- ասաց նախարարը:

 

Ասատրյանը հիշեցրեց, որ կենսաթոշակային համակարգերն ամենաբարդ ռեֆորմներ են: «Մենք ներդնում ենք բազմաստիճան կենսաթոշակային համակարգ բացառապես մեկ նպատակով՝ անձի կենսաթոշակային ապահովության խնդիրը լուծելու համար»,- նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ ներկայում գործող մեխանիզմը ֆինանսավորման մեկ աղբյուր ունի և սերտորեն կապված է ժողովրդագրական իրավիճակի հետ, որտեղ առկա խնդիրների պատճառով առաջիկայում 1 աշխատողին բաժին կընկնի 2 թոշակառու:

 

ՀՀ Սահմանադրական դատարանում մարտի 31-ին շարունակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Դիմող կողմի ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ պատգամավ որ Արծվիկ Մինասյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

 

Դատաքննության առաջին փուլն անցկացվեց մարտի 28-ին, որտեղ պատասխանող կողմ էր ներգրավված ՀՀ Ազգային Ժողովը՝ ի դեմս ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով< /i>: