Կենսաթոշակային կուտակումների հարկումը այս փուլում իրականացնելը հետագայում թոշակառուին ազատում է հարկերից, այսինքն' 63 տարեկանում թոշակի անցնելիս անձը ստիպված չի լինի իր կուտակած կենսաթոշակի մի զգալի մասը վճարել որպես եկամտային հարկ։ Այս մասին կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ սեմինարի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նրա խոսքով ՝ ի սկզբանե օրենքում նշված է եղել, որ պահումներն արվելու են բազային եկամտից։ «Երբևէ չի քննարկվել այն հարցը, որ կուտակումները կարող են լինել մարդու անհատական եկամտից։ ՀՀ օրենքով ամրագրված է, որ ցանկացած եկումուտ պետք է հարկվի։

 

Երբ «կեղտոտ» աշխատավարձից է հարկվում կենսաթոշակայինի վճարը, դա նշանակում է կուտակման կամ ստացման փուլում այն այլևս չի հարկվելու։ Իսկ ստացման փուլում հարկում կատարելը ավելի ծանր կլիներ թոշակառուի համար»,-ասաց Ասատրյանը։

 

Պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10 տոկոսը, որից 5 տոկոսը վճարվում է անձի կողմից, իսկ մյուս 5 տոկոսը անձի կենսաթոշակային անհատական հաշվին կփոխանցվի պետական բյուջեից: Սակայն, պետական բյուջեից անձի անհատական կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը չի կարող լինել 25 000 դրամից ավելի, ինչը նշանակում է, որ եթե մասնակցի ամսական բազային եկամուտը գերազանցում է 500 հազար դրամը, ապա պետական բյուջեից աշխատողի կենսաթոշակային հաշվին կփոխանցվի 25 հազար դրամ կուտակային վճար, իսկ 10 տոկոսը լրացնելու համար մնացած գումարը վճարում է աշխատողը:

 

Ինքնազբաղվածների և պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մինչև 1974թ. ծնված անձանց համար կուտակային վճարի չափը կազմում է բազային եկամտի 5 տոկոսը: Ինքնազբաղվածի և կամավոր միացած անձի օգտին պետական բյուջեից գումար չի փոխանցվում:

 

Կենսաթոշակային բարեփոխումներին զուգահեռ բարեփոխումներ են իրականացվել նաև հարկային օրենսդրությունում: 2013թ. հունվարի 1-ից արդեն գործում է մեկ միասնական եկամտային հարկ՝ նախկին եկամտահարկի (0 տոկոս, 10 տոկոս և 20 տոկոս դրույքաչափերով) և պարտադիր սոցիալական ապահովության վճարի (7000 դրամ, 15 տոկոս և 5 տոկոս դրույքաչափերով) փոխարեն: Եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 24,4 տոկոս ամսական մինչև 120 000 դրամ բազային եկամտի դեպքում, իսկ 120 000 դրամից բարձր եկամուտ ունենալու դեպքում' 29.280 դրամ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը: