Գյումրիում ռուս սահմանապահներին բերման ենթարկելու մասին մի շարք լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ, որում ասված է.

 

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

 

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ նշել են, որ այդ օրը երթուղիում ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների: Ոստիկանները մոտեցել են, ներկայացել և հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որևէ խնդիր: Սպաները և քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա և չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներ ին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, և ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ:

 

Վերը նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որևէ միջադեպ չի եղել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել»: