2016 թվականի մայիսի 10-ին հրապարակել էինք«Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք»վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձ էինք կատարել Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի «քաջագործություններին»:

 

Տեղեկացանք, որ մեր հրապարակման հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում օրեր անց նշանակվել է ծառայողական քննություն։ Մինչ ծառայողական քննությունը կպարզի մեր հրապարակած տեղեկության մանրամասները, հարկ ենք համարում մի քանի շեշտադրում անել։

 

Եվ այսպես։ Հոդվածում բացահայտել և հանրությանն էինք ներկայացրել Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված մի շարք օրինազանցությունների մասին, մասնավորապես.

 

Հոդվածում անդրադարձել էինք կատարել տեսուչի կողմից միջնորդավորված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ շուկայում հացի վաճառքի ավելացմանը: Հոդվածում նախ ներկայացրել էինք, որ Վաչե Թանգյանը գրեթե բոլոր խանութների սեփականատերերին հրամայում է գնել միայն իր փռի հացը, այլապես խնդիրներ կլինեն։ Ինչ խոսք,Վաչե Թանգյանը կարող է ասել, որ ինքն այդ փուռի հետ ընդհանրապես կապ չունի և դա իր կնոջ անձնական բիզնեսն է, որը տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում՝ զավեշտալի: Դա կարելի է հստակեցնել ընդամենը փռի գործունեության վերաբերյալ Վաչեի կնոջ պատկերացումները հասկանալով:

 

Այս առումով, քննություն իրականացնող մարմնի համար փոքր-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, քանի որ բարդ է գտնել այնպիսի տնտեսվարողի, ով ծառայողական քննություն իրականացնողներին բացահայտ կհայտարարի այն մասին, որ Վաչեն անձամբ իր խանութին հաց վաճառելու հրաման է տվել։ Պատճառը մեկն է՝ վախի մթնոլորտը: Խանութի տերերը շատ լավ են հասկանում այդպիսի հայտարարության հետևանքները: Հոդվածի առաջին մասում նշել ենք նաև, որ այս երևույթները զարմանալի ու անընդունելի են, սակայն այս պահին մեր նպատակը նմանատիպ երևույթների վրա կենտրոնանալը չէ, այլ ավելի կարևոր խնդիրներ վեր հանելը։

 

Հոդվածի երկրորդ մասում ներկայացրել ենք ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձած մի ուշագրավ դեպք, որում հստակ նկարագրել ենք Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված այնպիսի օրինազանցություններ, որոնց իսկությունը ճշտելը ծառայողական քննություն իրականացնողների համար ամենևին էլ բարդություն չէ:


Նախ սկսենք նրանից, որ քննություն իրականացնող մարմնի համար ամենևին էլ բարդություն չէ պարզել և հիմնավորել հետևյալ մի քանի փաստրը․

 

Վաչե Թանգյան տեսուչի կինը տեսուչի սպասարկման տարածքում իրականացրել է հացաթխման արտադրություն՝ առանց 5 աշխատողների ձևակերպման և առանց հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման, հետևաբար՝ մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

 

Տարածքը սպասարկող տեսուչի կինը մինչև ստուգման պահը փաստացի աշխատել է առանց եկամուտներ հայտարարագրելու, հետևաբար մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե համապատասխան հարկեր վճարելուց։

 

Ստուգման արդյունքում հայտնաբերված վերոնշյալ խախտման հիման վրա առաջադրվել է մոտ 1.000.000 դրամի տուգանքորը, սակայն, տարածքը սպասարկող տեսուչի կինը չի վճարել։


Ստուգումից հետո տեսուչի կինն այդպես էլ չի գրանցել ոչ մի աշխատող, սակայն փուռը ստուգումից հետո փաստացի աշխատել է, հետևաբար նույնիսկ ստուգումից հետո խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

 

Անցկացված ստուգումից հետո տեսուչի կինը իր անունով գրանցված ձեռնարկությունը լուծարել է՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունները չկատարելով: Իրականում կարելի է ենթադրել, որ անհատ ձեռնարկատիրոջը ցանկացել են սնանկ ճանաչել:

 

Սրանք այն կարևոր փաստերն են, որոնք մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնան։ Սա այն դեպքն է, որ ՊԵԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հասարակության մոտ վերանան այն կարծրատիպերը, թե հասարակության տարբեր շերտերում արտոնյալներ կան, թե հարկայինում աշխատող ցանկացած մարդ կարող է չարամտորեն խուսափել հարկերից։ Այնինչ, ՊԵԿ ծառայողական քննության հանձնաժողովից զանգում են խմբագրություն և հարցնում՝ արդյոք կարո՞ղ ենք նշել տնտեսվարող սուբյեկտների, որոնց Վաչեն սպառնացել է իր փռի հացը չվաճառելու համար:


Հասկանում ենք՝ սա նույնպես քննության համար կարևոր է, բայց մի՞թե վերոնշյալ վեց կետերը հիմնավորելուց հետո ակնհայտ չէ Վաչե Թանգյանի տեսակը, մի՞թե սա այն դեպքը չէ, երբ հարկային ծառայողն իր վարքագծով խաղում է այնպիսի համակարգի անվան հետ, ինչպիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է, որն այսօր քաղաքական ու տնտեսական այս ծանր պայմաններում դժվարությամբ կատարում է իր առաքելությունը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության պետական գանձարանը, մի՞թե ավելի կարևոր չէ բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինազանց աշխատակցին։ Մի՞թե ավելի կարևոր չէ հետամուտ լինել բարձրաձայնված բուն խնդրին ու արձանագրված օրինազանցություններին ու պատժել սեփական աշխատակցին։ 


Մի բան մեզ համար անհասկանալի է՝ մի՞թե այս ողջ «քաջագործությունների» մասին տվյալ տարածքի հարկային տեսչության պետը ոչինչ չի իմացել կամ միգուցե իմացել է, սակայն ինչ-ինչ պատճառներով լռել է։ Մենք լավատես կգտնվենք և կմտածենք, որ նա չի իմացել այս ամենի մասին, քանի որ նա, լինելով հարկային տեսչության պետ՝ իրավունք չունի աչք փակել կամ հովանավորել այս աստիճան ամենաթողությունը և օրինազանցությունը։ Համենայնդեպս մտածելու տեղիք է տալիս, նույնիսկ առաջին դեպքում խնդիր ունենք՝ տեսչության պետն իր տեղում չէ:


Իրականում սա միայն հարկային ծառայողի անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության հետևանք չէ և ամենախիստ կարգապահական պատասխանատվության ենթարկելուց բացի (ենթադրում ենք այսքանից հետո ամենաքիչն աշխատանքից կազատեն և, բնականաբար, ոչ մի հովանավորչություն ի զորու չի լինի այս գործը գրավոր նկատողությունով կամ այլ տարբերակով գլուխ բերել) պետք է նաև պատժել այն հովանավորներին, ովքեր նպաստել են հարկային ծառայողի «քաջագործություններին»:


Համոզված ենք՝ ծառայողական քննությունն իր օբյեկտիվ եզրակացությունը կտա, որի հիման վրա ճիշտ որոշում կկայացվի:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը հետամուտ է լինելու և մինչև վերջ ներկայացնելու է դեպքերի զարգացման ընթացքը՝ պահպանելով թափանցիկության և օբյեկտիվության սկզբունքը։

 

Քրիստինա Աղալարյան