Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշվել է նաև, որ նոր մրցույթը տեղի կունեն ա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անձանց հրավիրել քննարկման և հորդորել մասնակցել գնման գործընթացին:

 

«Փաստն այն է, որ մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե ինչպիսի ընդդիմացում կար նախկինում ծառայությունը մատուցող կազմակերպության, նաև այդ գործընթացի նկատմամբ: Այժմ առնվազն տարօրինակ է, որ կենդանասերների այդ կազմակերպություններից և ոչ մեկը հայտ չի ներկայացնում հայտարարված մրցույթին մասնակցելու:

 

Ու եթե առաջիկա մրցույթում ևս մասնակիցներ չլինեն և մրցույթը չկայանա, ապա թափառող կենդանիների դեմ պայքարը կդառնա խնդրահարույց, և բացառված չէ, որ գրանցվեն անցանկալի դեպքեր: Մեկ անգամ ևս հրավիրեք շահագրգի ռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախապես պատրաստակամություն հայտնած ՀԿ-ներին և ներկայացրեք իրավիճակը:

 

Գործող համապատասխան հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, պետք է ևս իր ակտիվ դիրքորոշումով աջակցի հարցի լուծմանը՝ հօգուտ մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: