Հարավային Կորեայի «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» շարժման ակտիվիստները ԿԺԴՀ օդապարիկներ են արձակել մոտավորապես 100 հազար քարոզչական թռուցիկներով, բայց դրանց չեն կցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին «Հարցազրույց» ֆիլմով DVD սկավառակներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ինչպես հայտարարվել Է անցյալ տարվա նոյեմբերին, անցած գիշեր մենք Փաջուից (սահմանամերձ քաղաք) մոտ 100 հազար հակահյուսիսկորեական թռուցիկների նետում իրականացրինք: «Հարցազրույց» ֆիլմով DVD սկավառակներ (փաթեթներում) չեն զետեղվել միտումնավոր»,- շարժման ղեկավար Պակ Սան Հակի խոսքը մեջբերում Է Ռյոնհապ գործակալությունը:

 

Ակտիվիստը պարզաբանել Է, որ սկավառակների նետումից հրաժարումը յուրօրինակ նախազգուշացում Է Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, եւ ընդգծել Է, որ ֆիլմով սկավառակները անպայման կնետվեն, եթե Փենյանը տարբեր հարցերի շուրջը չհամագործակցի պաշտոնական Սեուլի հետ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԿԺԴՀ-ի կառավարությունն արդեն քանիցս կոչ Է արել Սեուլին՝ դադարեցնել նման ակցիաները եւ սպառնացել Է գնդակոծել այն տարածքը, որտեղից դրանք իրականացվում են: