Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բ ոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:

 

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը:

 

Ալեքսանդր Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: