Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով.
«Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ,
Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով:
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար' խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:
Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով' հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:
Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական Իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը:
Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլևս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը և ապրի խաղաղության ու ապահովության մեջ:
Թող Տերը զորակից լինի մեզ և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամէն»: