Սիրիական բանակի ստորաբաժանումներն արդեն 4-րդ օրն է Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի մի քանի շրջաններից դուրս են բերել ավելի քան 2100 բնակիչների՝ փրկելով ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հանցագործություններից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղահանված բնակիչներից 1094-ը երեխաներ են, իսկ 639-ը՝ կանայք: Միևնույն ժամանակ ավելի քան 350 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Բնակիչները փախուստի են դիմել մասնավորապես Դումա, Ջոբար, Շեյֆոնիա, Միդաա, Հուշ ալ Ֆարա, Հուշ ալ Դաուահիր, Հուշ Նասրի բնակավայրերից դեպի Հուշ Ֆարա շրջանի մերձակայքում գտնվող ռազմակետ, որտեղ բոլորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, այնուհետև սկսել են տեղափոխել փախստականների բնակության կենտրոններ:
Աղբյուրի տեղեկացմամբ, Դումա քաղաքի վտանգավոր հատվածներից դուրս են բերվել 1700 բնակիչ, որոնց թվում մոտ 800 երեխա են եղել:
Դումայում, ինչպես նաև Արևելյան Ղուտայի շրջաններում թեժ մարտեր են ընթանում «Ջեյշ ալ Իսլամ» և «Ջեյշ ալ Ումմա» զինված խմբավորումների միջև, որոնք հանցագործություններ են կատարում բնակիչների նկատմամբ, թալանում և ավերում նրանց ունեցվածքը, ստիպողաբար մտցնում իրենց շարքերը:
Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ: