Սիրիական հակամարտության սկզբի 2011թ.-ից ի վեր Նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը:

 

Նրանցից 11 հազարը զոհվել է Ասադի 3-րդ անգամ նախագահ ընտրվելուց 5 ամիսների ընթացքում: Բացի այդ, 5631 զինվորներ դարձել են բռնությունների, այդ թվում' մահապարտ-ահաբեկիչների, դիպուկահարների, ինքնաթիռների վայր ընկելու, ականապատ մեքենաների պայթյունի զոհ:

 

Զոհերի թվում մոտ 735-ը արաբներ և ասիացիներ են, 91-ը՝ լիբանանյան «Հըզբոլլահի» անդամներ:

ՄԱԿ-ի տվյալներով, զինված ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով 2011թ.-ից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 200 հազար մարդ: Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է իր բնակավայրերը, ավելի քան 7,6 միլիոն մարդ բնակություն է հաստատել երկրի ավելի ապահով շրջաններում, իսկ 3 միլիոնը հատել են հարևան երկրների սահմանները:

 

Սիրիացի 1,14 միլիոն փախստականներ հաստատվել է Լիբանանում, 608 հազարը՝ Հորդանանում, մոտ 1 միլիոնը՝ Թուրքիայում: