Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով արդեն 9,3 հազար մարդ է զոհվել, ևս ավելի քան 21 հազար հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Տայե-Բրուկ Զերիխունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
«Հակամարտության զոհերի ընդհանուր թիվը շարունակում է աճել և այժմ գերազանցում է 30 հազար 700-ը, ներառյալ 2014 թվականի ապրիլի կեսից հակամարտության սկսվելուց ի վեր 9300 սպանվածները և գրեթե 21 հազար 400 վիրավորները»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 3 միլիոնը:
Նա առանձնակի մտահոգություն է հայտնել այն մարդկանց ճակատագրի հարցում, ովքեր ապրում են շփման գծի մոտ և Ուկրաինայի կառավարության հսկողության տակ չգտնվող շրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: