2014 թվականից մարտից ի վեր, երբ Ուկրաինայում սկսվեց հակամարտությունը, Դոնեցկի մարզում գրեթե 1,5 հազար մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ամենօրյա զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 9-ին:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Դոնեցկի դիարան եւ զրուցել դատաբժշկական փորձաքննության բաժնի պետի հետ: Նրա խոսքով՝ ամբողջ Դոնեցկի մարզում մարտի 13-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը զոհվել է 1498 մարդ, այդ թվում՝ 21 երեխա:
Միջազգային կազմակերպության փորձագետները նշել են, որ զոհվածների նույնականացման եւ թաղման գործընթացը պատշաճ ձեւով է կազմակերպվում, իսկ դրա վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է տվյալների բազայում: