Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են սիրիացի ակտիվիստները՝ նշելով, որ զոհվել է 202 հազար 354 մարդ, նրանցից 130 հազարը երկու կողմերի կորուստներն են: Զոհերից 63 հազար 74-ը քաղաքացիներ են, իսկ 10 հազար 377-ը՝ երեխաներ:

 

Միլիոնավոր սիրիացիներ ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված հեռացել են իրենց տներից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում, Հորդանանում: Համաձայն վիճակագրական տվյալների՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմել է 1 միլիոն 140 հազար, Թուրքիայում՝ մոտ 1 միլիոն, Հորդանանում' շուրջ 608 հազար:

 

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ: