«Эхо Москвы» ռադիոկայանն իր ունկնդիրների և ընթերցողների շրջանում անցկացնում է հարցում' պարզելու, թե ռուս հասարակությունն ինչպես է տրամադրված Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամին սպանած, ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու և Հայաստանում պատիժը կրելու հարցի նմատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Արդյո՞ք ռուս զինվորին, որ կասկածվում է յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ, պետք է հանձնել Հայաստանի իշխանություններին» թեմայով հարցմանն այս պահի դրությամբ մասնակցել է 31.204 մարդ: Նրանցից 25.720-ը կամ հարցվածների 82 տոկոսը դրական պատասխան է տվել, 4018 մարդ կամ հարցվածների 13 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 1468-ը կամ հարցվածների 5 տոկոսը դժվարացել են պատասխանել: Հարցումը, որ մեկնարկել է հունվարի 17-ին, դեռ շարունակվում է:

 

Հետաքրքրական են նաև կայքում տեղ գտած մեկնաբանությունները թեմայի առնչությամբ: Բազմաթիվ օգտատերեր գրում են, որ ՌԴ-ն անհապաղ պետք է Պերմյակովին հանձնի Հայաստանին: Շատերն առաջարկում են նաև Պերմյակովի հետ միասին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել ՌԴ-ում գործող զինվորական հանձնաժողովի անդամներին, ովքեր թույլ են տվել, որ ռուս դասալիքը ծառայի բանակում: Շատերը պարզապես շեշտում են, որ այլ տարբերակ չկա, քանի որ նա երեխաների է սպանել, իսկ «հայերի համար երեխան սրբություն է: Նրան չհանձնելը նշանակում է չհարգել այդ սրբությունը»: