ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Արմեն Մուրադյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարել է հանրապետության բժշկական կենտրոններում ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված նորմերի և միջոցառումների իրականացման ընթացքը, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկներ ներկայա ցնել դրանց կանոնակարգման ուղղությամբ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ նախարարն Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարել է հարուցված վարույթի շրջանակում մեղավորների նկատմամբ ցուցաբերել ամենախիստ մոտեցում։

 

Նա հանձնարարել է քննարկել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, նախապատրաստել նյութեր հարցը նախարարին կից կոլեգիայում ներկայացնելու համար։

 

Արմեն Մուրադյանը նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր է դրել քննարկել դպրոցների և նախադպրոցական հիմնարկների բուժքույրերի գործառույթներն ու նրանց պատասխանատվության սահմանները և առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղությամբ:

 

«Բուժքույրերի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում պետք է հստակորեն ամրագրվեն նրանց գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները»,-ասել է նախարարը' հավելելով, որ անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը։