Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար, ի թիվս այլ անունների, շրջանառվում է նաև օրերս ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանի անունը, որը մինչ այդ կատարում էր ԱԽ քարտուղարի պարտականությունները:
Սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե ինչ տրամադրվածություններ կան Ռուսաստանում Արմեն Գրիգորյանի հնարավոր նշանակման հետ կապված. այնտեղ, մեղմ ասած, այնքան էլ չեն ընդունել Գրիգորյանի` ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման փաստը, ուր մնաց, թե որպես ԱԳ նախարար:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանում Արմեն Գրիգորյանի հարցը փակված է. նա չի լինելու ԱԳ նախարար, քանի որ Ռուսաստանը արգելք է դրել: Ավելին, թեև մեկ շաբաթ է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը փորձում են համոզել այս հարցով, սակայն վերջիններս կտրուկ դեմ են արտահայտվել և հիշեցրել. «Ժամանակին ձվեր էր նետում Ռուսաստանի դեսպանատան վրա, հիմա ինչ է ուզում: Ուզում է գալ ու ներսի՞ց ձվեր շպրտել մեզ վրա»,- ասել են նրանք:
Նկատենք, որ Ռուսաստանի տրամադրվածությունը պայմանավորված է Արմեն Գրիգորյանի ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ և ակցիա էին իրականացրել ընդդեմ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի, որի ժամանակ ձվերով հարվածել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքին: