ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան քննարկել է առողջապահական համակարգի համար ամենաարդիական խնդիրներից մեկը' Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի վերաբերյալ հարցը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունի ց, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է նախարարի հրամանով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկները։

 

Ուսումնասիրությունները կատարվել են հանրապետության 108 խոշոր բժշկական կենտրոններում, որոնցից 60-ը' մարզերում։ Բանախոսը մանրամասն ներկայացրել է, թե մարզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ինչպիսի թերություններ և բացթողումներ են առկա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում։ Կարևորվել է վարակների վերահսկման ծրագրերի ներդրման, համաճարակաբանի առկայության, համաճարակային պատշաճ հսկողության իրականացումը, մի շարք բժշկական կենտրոններում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը։ Շուրջօրյա ջրամատակարարման խնդիր կա նաև Երևանի որոշ ԲԿ-ներում:

 

Հակաբիոտիկային/հակամանրէային կայունության հսկողության գործում կարևորվել է հակաբիոտիկների կայունության նկատմամբ հսկողությունը, համաճարակաբանական հսկողությունը և վարակի հսկողությունը։

 

Նշվել է, որ հետագայում, ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, ուսումնասիրություններ են իրականացրել նաև ՀՀ ԱՆ Պետական առողջապահական տեսչության, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի և ՀՀ ԱՆ Առողջապահական պետական գործակալության մասնագետներից կազմված խմբերը, որոնք արձանագրել են առաջին ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ տարված աշխատանքները։ Նշվել է, որ դրական տեղաշարժեր են արձանագրվել։ Ներկայացվել են նաև վերջին տարիների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու գործող օրենսդրությունը։

 

Հարցի քննարկման ժամանակ առաջարկներով հանդես են եկել կոլեգիայի անդամները:

 

Ամփոփելով կոլեգիայի աշխատանքը' նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ քննարկվող հարցն առողջապահության համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում է, և իրավիճակը պարտադրում է խիստ մոտեցումներ ցուցաբերել»,- ասել է նախարարը' ընդգծելով, որ առկա թերությունները չվերացնելը վտանգ է հասարակության համար։

 

Նա հանձնարարել է արձանագրված խնդիրները տարանջատել օրենսդրական կարգավորման և կազմակերպչական մասերի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարվել է խստորեն վերահսկել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համաճարակային իրավիճակը' անկախ սեփականության ձևից։ «Բժշկական հիմնարկներ ունենք, որ այսօր հաջողությամբ իրականացնում են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացը»,-շեշտել է Արմեն Մուրադյանը։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով' աշխարհում տարեկան ավելի քան 1.4 մլն մարդու հիվանդանոցային բուժման ընթացքը բարդանում է ներհիվանդանոցային վարակներով։ Անգամ զարգացած երկրների ամենաժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացողների առնվազն 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ։ Ընդ որում, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 5-6%, ԵՄ-ում ՝ 7.1%, իսկ զարգացող երկրներում՝ 25-40%, ՌԴ-ում՝ 8-10%, Բելառուսում՝ մինչև 35%, Ղազախստանում՝ 7-20%։