ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով ձևավորված նախարարին կից կոլեգիան անցկացրել է անդրանիկ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր և ընդլայնված կոլեգիայի կազմում ներառված են ոչ միայն նախարարության պատասխանատուները, այլև ճարտարապետության և շինարարության բնագավառի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրության շրջանում հայտնի դեմքեր և մասնագետներ:
Օրակարգում քաղաքաշինության փոխնախարարների համառոտ զեկույցներն էին' ըստ ճյուղային ուղղությունների: Ներկայացվել են նախորդ 2 ամիսների ընթացքում նախապատրաստված ծրագրերն ու նախագծերը, մշակվող օրենքները, այդ թվում' անդրադարձ եղավ «Ճարտարապետական գործունեության մասին», «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքների նախագծերին, կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգի ընթացակարգերի պարզեցմանն ուղղված նորամուծություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը, շինարարության բնագավառում նոր մոտեցումներին' պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, այդ համատեքստում նաև' աղետի գոտու ծրագրերի իրականացմանը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում կարևորել է կոլեգիայի դերն ու նշանակությունը քաղաքաշինության ոլորտի համար: «Ես կոլեգիան դիտարկում եմ որպես նախարարության բարձրագույն քաղաքական-մասնագիտական մարմին: Քաղաքաշինության բոլոր ուղղությունները մեր ուշադրության տիրույթում են լինելու:
Ըստ իս, մեզ հաջողվել է ձևավորել կոլեգիայի բավական լուրջ կազմ, որտեղ ընդգրկված են ոլորտում հայտնի և փորձառություն ունեցող մարդիկ: Առաջարկում եմ' համատեղ, միասնական գործունեությամբ ներգրավվենք մեր ոլորտի խնդիրների լուծմանը,- նշել է նա:
Նախարարը կոլոգիայի անդամներին առաջարկել է հետագա նիստերի օրակարգը ձևավորելու հարցում ևս ակտիվ մասնակցություն ունենալ' վստահեցնելով, որ առնվազն ամիսը մեկ կոլեգիայի նիստեր կգումարվեն: Նա առաջարկել է, որ մարզեր կատարվող այցերին նախարարության պաշտոնատար անձանցից զատ մասնակցեն նաև Ճարտարապետների և Շինարարների միությունների ներկայացուցիչները: