Փարիզի իշխանությունները մտադիր են դատի տալ ԱՄՆ-ի Fox News հեռուստաալիքին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի վարկին հասցրած վնասի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Փարիզի վարկն արատավորվել Է, Փարիզն անտեղի խայտառակվել Է»,- ասել Է նա:
Ինչպես պարզաբանել Է BBC-ն, անցյալ շաբաթ ահաբեկչության եւ իսլամական ծայրահեղականության փորձագետ Սթիվեն Էմերսոնը Fox News-ի եթերում բազմիցս պնդել Է, թե Փարիզում եւ Ֆրանսիայի մյուս քաղաքներում կան շրջաններ, որտեղ ոչ մահմեդականները չեն մտնում, այսպես կոչված "no-go zone"-եր: Ալիքը նույնիսկ ցուցադրել Է այդ շրջանների քարտեզը, որտեղ ահաբեկչական խմբավորումներն իրբր ակտիվորեն ներգրավում են նոր անդամների:
Բացի դրանից, Էմերսոնն Անգլիայի Բիրմինհամը նկարագրել Է որպես մուսուլմանների քաղաք, որտեղ քրիստոնյաների համար հարմարավետ չԷ: Նա նշել Է Եվրոպայի եւս մի քանի քաղաքներ, որոնցում, նրա պնդմամբ, ոստիկանները վախենում են աշխատել, իսկ իշխանությունը պատկանում Է շարիաթական դատարաններին:
Ի խախտումն հեռուստաալիքի խմբագրական քաղաքականության, այս ոչնչով չհաստատված հայտարարությունները կասկածի տակ չեն առնվել ո՛չ հաղորդավարի, ո՛չ Էլ ծրագրի մյուս մասնակիցների կողմից: Ինչպես հետագայում պարզվել Է, Fox News-ի կողմից օգտագործված քարտեզը պատկերել Է քաղաքի կառուցապատման գոտիականացումը՝ բնակչության եկամտի մակարդակին եւ զբաղվածությանը համապատասխան:
«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ Էմերսոնի մեկնաբանությունները խիստ արձագանք են հարուցել Լա Մանշի երկու կողմերում: Fox News-ի մամուլի ծառայությունը հետագայում ներողություն Է խնդրել երկու երկրների բնակիչներից: