Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թ. վերջին աշխատանքային օրը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի' բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ դրամ: Հայաստանում գործող բանկերի հիմնական մասի համար այդ որոշումը շոկային էր, քանի որ վերջիններիս ընդհանուր կապիտալը չէր գերազանցում սահմանված 30 մլրդ դրամը, իսկ որոշ բանկերի դեպքում' մի քանի անգամ զիջում էր սահմանաչափը: Կենտրոնական բանկը պարզաբանեց նման որոշումը' ընդգծելով, որ կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ' նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:

 

«Արմենպրես»-ն այս օրերի ընթացքում փորձեց Հայաստանում գործող բանկերից տեղեկատվություն ստանալ, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկում վերջիններս Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխանելու և իրենց բիզնեսը չկորցնելու համար, սակայն չստացանք հստակ պատասխաններ: Իրենց ապագան հստակ չպատկերացնող բանկերը չէին ցանկանում խոսել հետագա քայլերի մասին:

 

Իրավիճակի համառոտ նկարագրություն տվեց Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը: «Արմենպրես»-ի գրավոր հարցադիմումին ի պատասխան' նա մեկնաբանեց ԿԲ-ի որոշումն ու բանկերի վարքը այդ պարագայում: «Կենտրոնական բանկի պահանջը միանշանակ արդարացված է: Ուրիշ բան, որ կարելի է վիճարկել տրված ժամկետները (2 տարի) և ավելացման չափերը (6 անգամ): Օրինակ, վերջին անգամ Կենտրոնական բանկը բարձրացրել էր ընդհանուր կապիտալի պահանջը մոտավորապես 2 անգամ՝ 2,4 մլրդ դրամից մինչև 5 մլրդ: Տրամադրությունները բանկային միջավայրում տարբեր են, սակայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ բոլոր բանկերի սեփականատերերն ի վիճակի են կատարել ԿԲ-ի պահանջը նշված ժամկետում»,- նշել է Ճզմաչյանը:

 

Բանկերի միության նախագահի խոսքով' Կենտրոնական բանկի այս պահանջը կատարելիս, բանկերի համար հնարավոր են մի քանի սցենարներ: «Առաջին' բանկերի մեծ մասը, որոնք ունեն ընդհանուր կապիտալի ավելացման անհրաժեշտություն, կանեն դա: Երկրորդ' կարող են գտնվել բանկեր, որոնք կգնան իրար հետ միաձուլվելու ճանապարհով, չնայած, որ այս ուղին հակասում է հայկական մենթալիտետին: Երրորդ' մեկ բանկը կգնի մյուսին: Այս երեք տարբերակներում էլ ես որևէ ռիսկ չեմ տեսնում, քանի որ այսօր էլ բոլոր հայկական բանկերը ունեն բավականին մեծ լիկվիդայնություն: Կա նաև 4-րդ տարբերակը, երբ բանկն ընտրում է շուկայից դուրս գալու հարթ և աստիճանական եղանակը, որը նախատեսում է ակտիվների վերադարձ և պարտավորությունների ամբողջական կատարում որոշ ժամանակահատվածի ընթացքում: Սակայն այս եղանակը, չեմ կարծում, որ կկիրառվի որևէ բանկի կողմից: Ի դեպ այս եղանակն էլ իր մեջ առանձնապես մեծ ռիսկեր չի կրում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ամեն դեպքում ավանդատուները կարող են հանգիստ լինել: Բոլոր տարբերակների դեպքում էլ որևէ ավելորդ ռիսկ չի առաջանում»,- ասել է Ճզմաչյանը:

 

Սամվել Ճզմաչյանի խոսքով' գլխավոր խնդիրը նրանում է, որ բանկերն այսօր էլ լիկվիդային են, այսինքն՝ ունեն ազատ, չտեղաբաշխված ֆինանսական միջոցներ, որոնց տեղաբաշխման հետ ռեալ տնտեսությունում կան որոշակի խնդիրներ: «Իսկ հիմա պատկերացրեք, որ մոտակա երկու տարիների ընթացքում դեպի բանկային համակարգ կհոսեն լրացուցիչ զգալի ռեսուրսներ: Ու եթե տնտեսությունը պատրաստ չլինի դրանք կլանելու, այդ գումարներն ուղղակի սառեցվելու են, այսինքն՝ լավագույն դեպքում ոչ մի օգուտ չեն բերի, իսկ վատագույն՝ կարող են թանկացնել վարկերը և այլ բանկային պրոդուկտները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից լուրջ քայլեր, ուղղված Հայաստանի տնտեսության ռազմավարական, ինչպես նաև հավասարապես և մյուս ճյուղերի զարգացմանը»,- հայտնել է նա:

 

Հայաստանում 2013 թվականից ընթանում է Բազել III-ի ներդրումը, որը ամփոփվելու է 2015 թվականին: Բազել III –ով կարեւորագույն փոփոխություն կլինի կապիտալի հաշվարկում: Նոր կանոնակարգմամբ' բանկերի բաժնետիրական կապիտալը կազմելու է ակտիվների առնվազն 4.5 տոկոսը: Այն ենթադրում է նաեւ կապիտալի կոնսերվացման 2,5 տոկոսանոց բուֆեր, իսկ ընդհանուր կապիտալի համարժեքությունը պետք է կազմի 14-16 տոկոս: