Ազգային ժողովում շարունակվում են Գյումրիում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցով դիմեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մեր իրավապահները ժամը քանիսի՞ն են տեղեկացել, որ այդ զինված տականքը լքել է զորամասը, ո՞ւմ կողմից է իրականացվել ձերբակալումը և ժամը քանիսի՞ն»,- հարցրեց Մարգարյանը:
Վերջինիս ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են զորամասը լքելուն, տուժողների բնակարան մուտք գործելուն, հանցագործության ժամին, հայտնաբերման հետ կապված հարցերը դեռևս քննարկվում են, այդ բոլորի պատասխանները մենք ունենք քրեական գործում: Կարող եմ հիմա ներկայացնել, բայց չեմ կարծում, թե դա հիմա նպատակահարմար է, կարող եմ ասել այն հանգամանքները, որոնք հայտնի են, բայց դրանք դեռևս քննության փոլում են»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հովհանես Մարգարյանը նաև հետաքրքրվեց, թե պարզվել է արդյոք՝ մեղադրյալը ինչ-որ կապ ունեցե՞լ է Ավետիսյանների ընտանիքի հետ:
«Տուժողի ընտանիքի հետ որևէ կապվածության կամ միջանորդված կապի հետ կապված՝ մենք քննարկման առարկա պետք է դարձնենք ու դարձնում ենք բոլոր տարբերակները, որովհետև գործի ընթացքում ընդունվում են մի շարք վարկածներ, թե նախկին կապը, թե Գյումրում նրանց հնարավոր առնչության մասին, այս բոլորը ստուգման փուլում են: Ի՞նչ ասեմ, դա չի կարող որպես վերջնական փաստարկ հնչել»,-բացատրեց Կոստանյանը: