Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է երիտասարդ առաջնորդներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ սրանով ՀՀ Նախագահը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է: «Նախագահը ցույց տվեց, որ բոլոր երիտասարդների ներուժը ի բարօրություն երկրի օգտագործելու հարցում նրանց քաղաքական կողմնորոշման տարբերություն չի դնում: Սա չափազանց կարևոր է»,-նշեց Գևորգ Կոստանյանը:

 

Նա մանրամասնեց, որ նույն ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն, Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և մյուսների ներուժն օգտագործվելու է մեր երկրի բարօրության և զարգացման համար:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանը իր վրա վերցնում երիտասարդ առաջնորդներ պատրաստելու գործը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Երկրի նախագահը, երկրի առաջնորդը չափազանց կարևոր գործառույթ ունի՝ բացի երկիրը կառավարելուց ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երկրի արդյունավետ ղեկավարման շարունակականությունը: Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ: Էլ ո՞վ պետք է ասեր, որ իր առջև խնդիր չի դնում միայն Հանրապետական կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է և յուրաքանչյուրի ներուժը երկրի բարօրության համար օգտագործելու է: Իհարկե, հենց Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որովհետև չէր կարող մեկ ուրիշը դա հայտարարել և անել, իսկ նա կարող է»:

Անդրադառնալով հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա, արդյոք նկատի ունի՞, որ այլևս ընդդիմություն չկա՝ Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ Նախագահը չէր կարող նման բան նկատի ունենալ: Նրա խոսքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի առաջընթացը և զարգացումը պայմանավորված է բացառապես ընդդիմության առկայությամբ: «Ընդդիմության առկայությունը յուրաքանչյուր պետության և իշխանության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ  տատանումներ քաղաքական դաշտում, ինչն ամենակարևոր երաշխիքն է պետության զարգացման և առաջընթացի համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չկա կայունության երաշխիք: Դա չէր կարող վերաբերվել նրան, որ կայուն է, որովհետև չկա ընդդիմություն, որովհետև առանց ընդդիմության պետությունը ժողովրդավարական և առաջընթաց ունեցող պետություն երբեք չես կարող անվանել»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

 

Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»: