Թուրքիայի տարածքում գտնվող և հայերից խլված սեփականություններն իրավական ճանապարհով հետ վերադարձնելու մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը մեծապես անհանգստացրել է թուրքական պետությանը: Թուրքական ԶԼՄ-ները մեկը մյու սից հետևից անհանգստացած խորագրերով սկսել են գրել այն մասին, որ հայերը ուզում են հետ վերադարձել ժամանակակից Թուրքիայում կարևորագույն գործառույթներ կատարող տարածքներն ու շինությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերն իրավական ակտիվ պայքարի անցնելու ազդանշաններ են տալիս: Հղում անելով Սասունյանի հոդվածին' լրատվամիջոցները գրում են, որ հայերի թիրախում են այս պահին Անկարայում նախկին նախագահական Չանքայայի պալատը, որ խլվել է Քասաբյանների ընտանիքից, Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, որն իրականում պատկանում է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին, Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանի տարածքը, որը տեղակայված է միանգամից մի քանի հայկական ընտանիքներին պատկանող կալվածքների վրա: Նրանք արձանագրել են նաև, որ արդեն ընթացքի մեջ են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի' Սիսի կաթողիկոսարանը հետ ստանալու նպատակով սկսված, ինչպես նաև Դիարբեիրքի օդանավակայանի տարածքը վերադարձնելու համար Զվարթ Սուջյանի նախաձեռնած իրավական գործերը:
Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների վրա հանրային ուշադրությունը գրավելու նպատակով իրավական գործողությունների դիմելը, փաստորեն, արդարացնում է իրեն և տալիս է համապատասխան արդյունք: Հունվարի 22-ից թուրքական այնպիսի լրատվականների անդրադարձը խնդրին, ինչպիսիք են «Հուրիեթ»-ը, «Միլլիեթ»-ը, «Հաբերլեր»-ը, «Հաբերթուրք»-ը և մի քանի տասնյակի հասնող այլ թուրքական լրատվամիջոցներ, կասկած չեն հարուցում, որ խնդրին կսկսեն անդրադառնալ նաև պետական այրերը' հարցն ավելի հնչուն դարձնելով: