Տնտեսագետները Կենտրոնական բանկ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից հետո վարկերի տոկոսադրույքների ավելացում են կանխատեսում, սակայն մատնանշում են նաեւ դրա մեղմման մեխանիզմները: Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրուքի բարձրացումը թեև կարող է կարճաժամկետ ապագայում զսպել ֆինանսական շուկայում առաջացող ռիսկերը, սակայն երկարաժամկետ հատվածում այն բացաս ական ազդեցություն կունենա տնտեսության համար:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, խոսելով ԿԲ խորհրդի' հունվարի 21-ի որոշման մասին, որի համաձայն' վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 1 տոկոսային կետով և սահմանվեց 9.5 տոկոս, նկատեց, որ նախկին 8-8.5 տոկոսն արդեն իսկ շատ բարձր էր Հայաստանի համար, և 1 տոկոս բարձրացումը կազդի տնտեսության աճի վրա:

 

«Բնականաբար, սա ոչ այլ ինչ է, քան դրամական վայրիվերումների պարագայում պաշտպանողական գործառույթի իրականացում, սակայն այն տնտեսության համար ունի վատ ազդեցություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը այս պահին ֆինանսական շուկայում ռիսկերը կանխելու միջոց է: Սակայն, որքան ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համամասնաբար այդքան էլ կբարձրանան տոկոսադրույքները առևտրային բանկերում»,- ասաց Բոստանջյանը:

 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ևս այն կարծիքին է, որ վարկերի տոկոսադրույքների բարձրացումն անխուսափելի է, սակայն, նրա խոսքով, պետությունը գործարարների համար ստեղծել է այնպիսի գործիքներ, որոնց կիրառման պարագայում վերջիններս կարող են զարգացնել բիզնեսը: «Սովորաբար, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է, թանկանում են նաև վարկերը: Դա ունի մի նպատակ' ավելի քիչ գործածելի դարձնել փողը և հնարավորինս սահմանափակել ռիսկերը:

 

Սակայն, կարծում եմ, Հայաստանում գործարարների համար կա հնարավորություն զարգացնելու իրենց բ իզնեսը նույնիսկ այն պարագայում, եթե բարձրանան վարկերի տոկոսադրույքները: Պետությունը ստեղծել է սուբսիդավորման գործիքներ, և եթե գործարարը ներկայացնում է արտադրություն սկսելու ծրագիր, պետությունը արտոնություններ է տալիս նրան»,- ասաց Մանասերյանը: Նրա խոսքով' նման իրավիճակ էր նաև Ռուսաստանում, որտեղ վարկերը թանկանում էին, իսկ պետությունը աջակցման մեխանիզմներ ստեղծեց բիզնեսների համար:

 

2015 թ. hունվարի 21-ի արտահերթ նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 տոկոս: Ավելի վաղ' դեկտեմբերի 23-ին, Կենտրոնական բանկը արդեն իսկ 1.75 տոկոսային կետով բարձրացրել էր վերֆինանսավորման տոկոսադրույքը:

 

ԿԲ հաղորդագորության մեջ նշվում է, որ դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով Խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17 տոկոս: