Անհրաժեշտ է նվազեցնել Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի առավելագույն տոկոսադրույքները:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

 

Պատգամավորը, դիմելով Ֆինանսավարկային և բյուջետային հանձնողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին, նշեց.

 

«Քաղաքացիներին շփոթության մեջ են դնում վարկերի տրամադրման ժամանակ հավելյալ ծախսերի մատուցումները, օրինակ՝ իմանալով որ 10 տոկոսով վարկ է վերցնում, այլ հավելյալ գանձումներ են արվում, և փաստացի տոկոսը ավելանում է: Դրանով է նաև պայմանավորված, և նաև Ժամանակին վարկերը չվճարելու հետ կապված ևս առաջանում են խնդիրներ, իմ փորձից եմ ասում, որ 200-300 տոկոս ավելանում է այն վարկի տրամադրած չափը, ինչ նախապես եղել է»:

 

Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ ինչ վերաբերում է վարկի առավելագույն տոկոսդրույքի սահմանմանը, այսօր ևս կա այդպիսի չափորոշիչ համապատասխան օրենքում, բայց կարելի է մտածել չափորոշիչի ավելի հստակեցման կամ ժամանակին հարիր ձևակերպումներ տալու մասին:

 

«Բայց չափազանց մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հարաբերությունները պիտի շուկայական ձևով ընթանան. առանց լուրջ մրցակցային պայմաների ստեղծման, առանց ստվերի իրական կրճատման ու առանց տնտեսության մեջ մրցակցային պայմանների ստեղծման չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ»,-ասաց նա:

 

Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ սպառողական վարկեր սովորաբար վերցնում են բավականաչափ ֆինանսական գիտելիքներ չունեցող մարդիկ. «Եվ մենք նրանց համար գրել ենք չափազանց հստակ կանոնակարգեր, որոնք միտված են այդպիսի շերտի համար ստեղծել ավելի կոմֆորտային պայմաններ, իսկ տնտեսավարողները տեղյակ են լինում սովորաբար»:

 

Միհրան Պողոսյանը պնդեց, որ բանկերի վարկ տրամադրելու կարգը պետք է վերանայել, պայմանագրերում կան անհեթեթ կետեր, որոնք բանկերը մտցնում են, ու մարդկ ստորագրում են:

 

Գագիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ չի ցանկանում խորանալ այդ կետերի մեջ, սակայն կարծում է, որ մարդիկ, ովքեր ստորագրում են այդ թղթերը, պետք է կարդան: