ԽՍՀՄ խնայբանում ունեցած ավանդների փոխհատուցման ծրագրում ներառված տարեցների շրջանակն ընդլայնվել է: 2015թ. հունվարի 15-ի անդրանիկ նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով' ավանդների փոխհատուցում կարող են ստանալ նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք: Կատարված փոփոխության և ավանդների փոխհատուցման ծրագրի ընթացքի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ՝ Արմեն Մարգարյանի հետ:


-Պարո՛ն Մարգարյան, Կառավարության որոշմամբ ընդլայնվեց ավանդների փոխհատուցման ծրագրում ներառված անձանց շրջանակը: Ներկայումս ո՞ր սոցիալական խմբերն են շարունակում օգտվել այս ծրագրի շրջանակում իրենց ավանդների փոխհատուցումը ստանալու հնարավորությունից և ովքե՞ր են համալրելու նրանց շարքը:

 

-Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձանց և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունե­ցող' սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց: Նման համայնքներիթիվը 32 է: Այս երկու խմբում ներառված անձանց համար ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը և 0-ից բարձր միավոր ունենալը պարտադիր նախապայման չէ:

 

Իսկ 2015 թվականի հունվարի 1-ից ծրագիրը շարունակվում է տարեցների մասով, սակայն այստեղ կա նորություն: Մինչև 2014 թվականի ավարտը վճարվում էր մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդները, իսկ այժմ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող տարեցների շրջանակը: Հունվար ամսից ավանդների փոխհատուցում կարող են ստանալ նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք:

 

- Այս որոշումը որքանո՞վ ավելացրեց պետական բյուջեի ծախսերը, որքա՞ն գումար է տրամադրվել ծրագրի իրականացման համար:

 

-Այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրի համար տրամադրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ: Քանի որ արդեն կա Կառավարության համապատասխան որոշումը, ապա շուտով կտպագրվի 2015 թվականի առաջին ցուցակը և այնտեղ ներառված անձինք կստանան իրենց ավանդների փոխհատուցումը:

 

-Որոշման արդյունքում որքանո՞վ կավելանա ծրագրի մասնակիցների թիվը:

 

-Այդ թիվը պարզ կդառնա ծրագրով նախատեսված անձանց հիմնական մասին վճարելուց և տվյալները ամփոփելուց հետո:


-Այս պահի դրությամբ քանի՞ մարդ է հաշվառված ավանդների փոխհատուցման ծրագրում:

 

-2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ, որոնցից՝ 7500-ը մինչև 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք: 7500-ից շուրջ 5700-ը արդեն իսկ ստացել են ավանդի փոխհատուցում, իսկ մյուս 3500-ից ստացել են շուրջ 530-ը:

 

-Իսկ քանի՞սն են օգտվել ծրագրից' 2006 թվականից ի վեր, երբ մեկնարկեց ավանդների փոխհատուցումը:

 

-2006 թվականին մեկնարկած և 2013 թվականի դեկտեմբերին ավարտված ավանդների դիմաց տրամադրվող փոխհատուցումից օգտվել են շուրջ 59 հազար անձ:

 

-Մարդկանց շրջանում հաճախ հնչում է այն հարցը, թե կարո՞ղ են արդյոք ծնողների փոխարեն իրենց ժառանգները ստանալ ավանդների փոխհատուցումը:

 

-Ժառանգության իրավունքով այս պահին որևէ մեկին չի տրամադրվում փոխհատուցում: Փոխհատուցում կարող է ստանալ միայն կինը ամուսնու փոխարեն կամ ամուսինը կնոջ փոխարեն, իսկ զավակները այս պահին իրենց մահացած ծնողների փոխարեն չեն կարող ստանալ ավանդների փոխհատուցում:

 

- Ձեր հաշվարկներով' ծրագրում ներառված անձնացից քանի՞սը այս տարի կարող են փոխհատուցում ստանալ:

 

- Այս պահին դեռևս չունենք հստակ գնահատականներ, սակայն մեր կարծիքով 2015թ. ավանդների փոխհատուցում կստանան շուրջ 7000-8000 ավանդատուներ: Միջինում յուրաքանչյուր անձ ստանում է մոտավորապես 200 հազար դրամ, հետևաբար եթե պետբյուջեից ստացած ֆինանսավորումը բաժանենք այդ թվի վրա, կստանանք իմ նշած թիվը: