Այս պահին Կիրանցում կրկին լարված իրավիճակ է։ Երեկվանից ոստիկանական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եկել են և վերահաստատել, որ սահմանը պետք է գծվի և դրա արդյունքում որոշ տներ պետք է անցնեն թշնամու վերահսկողության տակ։
Կիրանցի բնակիչը 1or.am-ի հետ զրույցում նկարագրեց ստեղծված իրավիճակը, սակայն խնդրեց անունը չհրապարակել՝ հաշվի առնելով, որ առնչություն ունի պետական ապարատի հետ և գուցե հետագայում իր կամ իր ընտանիքի անդամի նկատմամբ ճնշում գործադրեն, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։
«Երեկ մեզ համայնքապետարանից զանգեցին, ասեցին եկեք դիմումներ գրեք, որ ձեր տների դիմաց պետությունից փոխհատուցում ստանաք։ Մինչև հասա համայնքապետարան, արդեն բնակիչներ կային ու վիճում էին, ասում՝ մենք մեր տունը չենք տալիս թուրքին։ Լարված վիճակ էր, մեզ համոզում էին, որ եթե դիմում չգրենք, այդ փոխհատուցումն էլ չի լինի, պիտի մեկ շաբաթվա մեջ տներն ազատենք, խորհուրդ էին տալիս հիմա մեզ անհրաժեշտ իրերը վերցնենք գնանք։ 44-օրյա պատերազմում զոհվածներից երկուսի ծնողները լացում էին ու հարցնում, թե ի՞նչ խղճով են իրենց էրեխեքի գերեզմանը հանձնում թուրքին, ի՞նչ է լինելու հետո։ Բնակիչներից ոչ մեկ չհամաձայնեց փոխհատուցում վերցնել»,-նշեց կինը։
1or.am-ի դիտարկմանը, որ հենց երեկ` զուգահեռ իրականությունում, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Փաշինյանն ասաց, որ սահմանագծումը մի բան էլ մեր օգտին է եղել, հողեր են վերադարձվում, ճանապարհները դառնում են անվտանգ, և տներ չեն հանձնվում, կինը բորբոքված արձագանքեց․
«Վարչապետի բերանում ճիշտ խոսք չկա։ Այստեղ էլ եկավ, մեզ ասեց ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա ինձ ասում են հելի տնիցդ գնա, թող թուրքը գա նստի քո տան ու գերեզմանի գլխին։ Բնակիչներն էլի փակ են պահում ճանապարհը, մենք չենք հանձնվելու։ Կիրանցին իրենցից ուժեղ է։ Մեր Սրբազանն էլ մեզ համար է կռիվ տալիս։
Վարչապետը, որ ստեղ այնտեղ սուտ է խոսում, հո միշտ իր ասածը չի՞ անցնելու։ Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ինքն ասում է մի բան էլ լա՞վ է։ Բա իր համար լավ է, որ մեզ մեր տնից հանի։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու»։
Հավաստի՞ է ձեր տեղեկությունը, որ 50 տուն պիտի հանձնվի Ադրբեջանին։ Ի սկզբանե 2-3 տան մասին է խոսվել։
«Բալես նրանք տենց են, սկզբից քիչ են ասում, որ շուխուռը քիչ լինի, հետո սաղ էլ կամաց-կամաց տալիս են, Արցախն էլ տենց քիչ-քիչ տվին, հիմա մեր տունն են տալիս, հետո էլ մյուսների ու տենց շարունակ։ Մեր Սրբազանը, մեզ ասել է, որ մեր հետ կպայքարի մեր տան, մեր հայրենիքի ու եկեղեցու համար, Աստված է նրան ուղարկել։
Մենք սպասում ենք քաղաքից լավ լուրերով գա, գնանք դիմավորենք։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ է ստեղ, երեկ էլի պատգամավորներ կային, ասում էին կօգնեն, մենք էլ քաղաքից մի լավ իրավաբան կգտնենք, որ մեզ աջակցի։ 50 տուն, այսքան տարի սարքել, դրել ենք, որ տանք թուրքի՞ն, չէ՛, չենք տա։ Սուտ է ասում է, թե ավելի քիչ թիվ է ասում, բայց մեկն էլ չենք տա։ Կամուրջից կտրում են մեզ հանեն, թուրքին լցնեն մեր տեղը, հետո էլ Հայաստանով մեկ», - բարկացած ասում էր կիրանցին ու անընդհատ կրկնում, որ թուրքին տալու բան չունեն։