«Հայաստանը, որպես ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և պետք է փոխհատուցում վճարի»,- նման անհեթեթ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շաբաթ օրը ընդունելով ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆին, գրում է Report.az-ը։
«Կարևոր է, որ աշխարհն իմանա հայկական բարբարոսության մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա, բայց ագրեսորը պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով, իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում, արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի համար մենք պետք է մեր համագործակցությունը հարմարեցնենք այս կարևոր իրողությանը»,- ասել է Ալիևը: