Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել այն դեպքում, երբ վերանան դրանց կիրառման պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտա րարել է Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում:
Մերկելն ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, սակայն դրանց կիրառումն անհրաժեշտ էր: «Տնտեսական պատժամիջոցներն անխուսափելի էին: Դրանք ինքնանպատակ չեն և կարող են չեղյալ համարվել այն դեպքում, երբ կվերանան այն պատճառները, որոնց համար դրանք սկսել են կիրառվել: Ցավոք, այս պահին մենք այդ մասին չենք խոսում»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել են՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Հուլիսի վերջից ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշ անհատների նկատմամբ պատժամիջոցների կիրառումից անցան Ռուսաստանի տնտեսության տարբեր հատվածների դեմ պատժամիջոցների սահմանմանը: Ի պատասխան' ՌԴ-ն սահմանափակեց ապրանքների ներմուծումը այն երկրներից, որոնք մասնակցում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից և ԵՄ անդամ երկրներից: