ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն հունվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայ նության հետ կապերի բաժնից, փաստաթղթով կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:
«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը' հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ ագրարային ոլորտում երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում:
Անտոնիո Լուկեն տեղեկացրել է, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման hամակարգերի կատարելագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ: