Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցում հայկական և ռուսական կողմերը փոխըմբռնում ունեն այն հարցում, որ հանցագործի դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններին մեղադրում են Գյումրիի սպանության դեպքին ոչ համարժեք արձագանքելու մեջ՝ նախարարը հիշեցրեց, որ այդ սարսափելի հանցագործության օրը ՀՀ nախագահը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների հետ, տվել հանձնարարականներ:

 

«Հայաստանի Հանրապետության nախագահը կարևորել է ամենասեղմ ժամկետներում դեպքի բացահայտումը և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելը: Մեր իրավապահ մարմինները պարբերաբար տեղեկություններ են տրամադրում իրենց գործողությունների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նախարարը:

 

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ: «Շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Եղել են շփումներ նաև տարբեր մակարդակներում: Եվ կարող եմ ասել, որ այս հարցում լիակատար փոխըմբռնում կա կողմերի մոտ, որ դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- եզրափակեց նախարարը: