Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում եւ ունենք որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը առաջնորդելու համար պետք է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կրի այս ամենի համար, առաջնորդի ժողովրդին եւ պայքարը հասցնի իր հաղթական ավարտին: Դա կկոչվի Ազգային կոմիտե: Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը: Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաեւ ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացից: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձեւավորված ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի եւ գործողությունների ծրագիր»,-ասաց նա:

«Ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրվեք: Պետք է շարունակենք պայքարը: Երբեք ուշ չի»,-հայտարարեց Սաղաթելյանը: