Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շատ կարևոր գործ արեցինք: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Բոլոր այն պետական հաստատությունները, որոնք չեն ծառայում ժողովրդին, չեն սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը պետք է արգելափակվեն: Այսօր մենք միասին դա արեցինք:

Այսօր երբ մեր պատգամավորները բարձրացան Արտաքին գործերի նախարարության շենք ընդամենը մի բան էին ասում. կա այս շենքում մի պաշտոնյա, որը կունենա այդ համարձակությունը, հայրենասիրությունն ու տղամարդկությունը և կասի, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դուք տեսաք, թե ինչքան խեղճացած էին այդ պաշտոնյաները: Նրանք պե՞տք է պահպանեն Հայաստանի ու Արցախի շահերը: Նրանք պե՞տք է զբաղվեն սահմանագծման ու սահմանազատման հարցերով: Երբ ասում եմ, որ մեր մեջքը պետք է ուղղենք ու ոտքի կանգնենք նկատի ունեմ, որ պետք է ազատվենք նման պաշտոնյաններից»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանին սատարելը դա մեղք է: Նա նաև կոչով դիմեց պետական պաշտոնյաներին: «Մեկ անգամ ևս մի մտեք այդ պատասխանատվության տակ և մի կիսեք այդ մեղքի բաժինը՝ հանուն պաշտոնի ու դիրքի: Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ուժային կառույցներն են մնացել, որոնք չեն կարողանալու կանգնեցնել ժողովրդին: Կոչ եմ անում լավ մտածել, նայել ձեր ծնողների ու երեխաների աչքերին և մտածեք վաղվա օրվա մասին»,- ասաց Սաղաթելյանը:

«Տեմպը պահելու համար պետք է դիմանանք, իսկ ճնշումը ուժեղացնելու համար՝ շատանանք: Այս երկու հարցը լուծելու դեպքում մենք հասնելու ենք մեր նպատակին»,- նշեց նա և հավելեց. «Ժամը 18:00-ից հետո մենք մնում ենք տասնյակ հազարավոր քաղաքացիներով, բայց մեզ քաղաքացիները պետք են առավոտյան ժամը 8:00-ին, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը և շրջափակենք մեր ուզած շենքը:

Վաղը առավոտյան ժամը 8:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց նա: