Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի խիզախության, համարձակության, հայրենասիրության դրսևորման օրինակներ են: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Մենք պետք է փառաբանենք մեր նախնիներին, հետևություններ անենք մայիսյան հերոսամարտերից և մեր պատմության մյուս դրվագներից: Մեր երկրի անվտանգության և բարօրության միակ երաշխիքը մեր միասնությունն է»,- ասաց Կոստանյանը: Նա նաև ընդգծեց, որ այս պահին հայկական բանակը բացարձակ պաշտպանունակ է և հակառակորդի զինվածության մակարդակն իրեն չի հետաքրքրում:
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 96-ամյակը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի' շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:
Այսօր հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ' ի հիշատակ անկախություն կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն ղեկավարությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին: