Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր պարտքն է համարում պաշտպանել բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Յունեսին այս մասին ասել է Հայոց կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդ Թարմունու հետ Թեհրանում տեղի ուն եցած հանդիպման ժամանակ: «Հայերը Իրանի պատմության մասն են»,- ասել է պաշտոնյանˋ հավելելով, որ իրանական բոլոր ցեղերը և կրոնական փոքրամասնությունները խաղաղ համագոյակցել են իրար հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությունը, նա երախտագիտություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերաբերյալ հստակ և շիտակ դիրքորոշում հայտնելու համար:
Պատրիարքն իր հերթին նկատել է, որ Հռոմի պապն առաջիններից էր, ով դեմ է դուրս եկել ֆրանսիական շաբաթաթերթում վիրավորական ծաղրանկարների հրապարակման դեմ: «Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորել այլ կրոնները»,- ասել է պատրիարք Թարմունին: