Աշխարհի ամենաժամանակակից մեգապոլիսներից մեկը խեղդվում է ավտոմոբիլային խցանումներում՝ չնայած առաջադիմական տրանսպորտային ենթակառուցվածքին և ճանապարհների զարգացման բագավառում ամենամյա միլիարդավոր ներդրումներին: Մի քանի տարի հետո Դուբային ճգնաժամ է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Gulf News թերթը՝ վկայա կոչելով փորձագետների:
Հրատարակության տվյալներով՝ գլխավոր հիմնախնդիրը մասնավոր ավտոմոբիլների մշտապես աճող թիվն է: Անցյալ տարի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «երկրորդ մայրաքաղաքի» ճանապարհներին ավտոմեքենաների քանակն ավելացել է 100 հազարով և կազմել շուրջ 1,3 միլիոն:
Ներկայում, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, խցանումները քաղաքի հյուրերի և բնակիչների կյանքի պարտադիր ատրիբուտն են դառնում առավոտյան, երեկոյան ժամերին, ինչպես նաև հանգստյան օրերին: