Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

 

«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի և միջազգային դերի ամրապնդման տարիներ:

 

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները և համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական կապերի, փոխադարձ աջակցության և վստահության վրա: Լիահույս եմ, որ որպես Հունաստանի Վարչապետ՝ Դուք հանձնառու կլինեք հայ-հունական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և համատեղ ջանքերով մեր համագործակցության հարուստ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: