Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր քրեական հետախուզական վարչության «Ռիս» հատուկ նշանակության ջոկատայինները Մոսկվայի «Նեոլիտ» սրճարանում անցկացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են ադրբեջանցի 50 քրեական հեղինակությունների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Praym Crime գործակալությունը, հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածների մեջ է Ադրբեջանի 54-ամյա քաղաքացի, «Գարա Յունուս» (Սեւ Յունուս) մականունով «օրենքով գող» Յունուս Նազարովը: Հետաքննության տվյալներով, քրեական հեղինակությունները սրճարանում հավաքվել էին փողերը հավաքելու, ֆինանսական միջոցները միմյանց միջեւ բաժանելու, ինչպես նաեւ պատիժ կրող քրեական տարրերին ֆինանսավորելու հետ կապված հարցեր քննարկելու համար:
Քրեական աշխարհում որպես «Յունուս Յասամալսկի» ճանաչված Յունուս Նազարովը նախկինում 20 տարի ազատազրկման պատիժ է կրել: Նա հայտնել է, որ Ռուսաստանում գտնվում է ապօրինի հիմունքներով: Իրավապահները նրան հանձնել են ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը: