Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին չի գերազանցի 1,5 տոկոսը: Բանկն ավելի վաղ կանխատեսել էր, որ Ադրբեջանի տնտեսական աճն այս տարի կկազմի 3 տոկոս:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՎԶԵԲ-ը հայտնել է, որ Ադրբեջանը «տուժել» է ածխաջրածիններից իր կախվածության պատճառով, որոնց գները նվազել են:

 

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի կառավարությունը 2015 թվականին ՀՆԱ-ի 4,4 տոկոս աճ է կանխատեսում, այն ժամանակ, երբ Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնը (CESD) կանխատեսում է ընդամենը 1 տոկոս աճ' կախված եւս նավթի գների կտրուկ անկման հետ:

 

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում է գազը, նավթն ու նավթամթերքները:

 

Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է: