Գյուղատնտեսական տարին 2015թ.-ին կարող է լինել սակավաջուր' կրկնելով նախորդ տարվա սցենարը, երբ գարնանը Արարատյան դաշտի շատ հողատարածքներ մնացել էին առանց ոռոգման: Խնդրի կրկնությունից խուսափելու համար պատասխանատու կառույցներն արդեն սկսել են պոմպակայանների և ջրանցքների պատրաստման աշխատանքները:
Արարատի մարզում անկացվող հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի ներկայացուցիչներին խոստացավ, որ արվելու է հնարավորը' նախորդ տարվա խնդիրներից խուսափելու համար: «Անցյալ տարին ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծեց, և այս տարին ևս կարող է լինել սակավաջուր: Դրա համար մշակել ենք ամենավատ սցենարները, որպեսզի առաջին իսկ պահանջի դեպքում կարողնանք գյուղացիներին ջուր հասցնել»,- նշեց նախարարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նա ջրամատակարարման ոլորտի պատասխանատուների հետ այցելեց «Մխչյան-1» պոմպակայան' տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքին: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները ընթանում են բոլոր պոմպակայաններում, որպեսզի մարտի 1-ին դրանք պատրաստ լինեն շահագործման:
«Գարնան սկզբին դրանք պետք է պատրաստ լինեն և բավարարեն ոռոգման պահանջարկը: Հնարավոր է' այս տարի սածիլման աշխատանքները վաղաժամ սկսվեն, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ընդգծեց նա:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ նշեց, որ մարզում 2015-2016թթ. ներդրումային ծրագիր է իրականացվելու, և վերանորոգվելու են մի շարք համայնքների ջրամատակարարման ցանցերը: «Դրա արդյունքում կկարողանանք ավելացնել մշակվող հողատարածքները շուրջ 780 հեկտարով»,- նկատեց նա: